Միանշանակ վրաքննիչ դատարանում բողոքարկելու եք առաջին ատյանի կայացրած որոշումը։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը։

«Իրականում ակնկալիքներ ես անձամբ չունեմ, որովհետև ես անգամ չէի ակնկալի, որ նմանատիպ որոշում կարող է առաջին ատյանի դատարանը կայացնել։ Անգամ չխոսելով այն մասին, որ արդարացման վերդիկտ պետք է կայացվեր ու Մասիսի քաղաքապետ Համբարձումյանը պետք է անմեղ հռչակվեր, վերացարկվելով այդ ամենից, վերացարկվելով նրանով, որ որևէ ապացույց դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմից չի ներկայացվել, որը կվկայեր նրա մասին, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հանցագործություն է կատարել, այնուամենայնիվ, եթե անգամ վերջինս պետք է մեղավոր ճանաչվեր, ակնհայտ է այն հանգամանքը, որ նշանակված պատիժը ոչ միայն անհամաչափ է, այլ նաև ուղիղ նպատակ է հետապնդում Դավիթ Համբարձումյանին պատժելու բառիս ուղիղ իմաստով, ոչ թե քրեաիրավական իմաստով։

Այսինքն ակնհայտ է, որ այս որոշումը քաղաքական է, ակնհայտ է, որ այս որոշման հիմնավորումը որևէ առնչություն չի ունենալու իրավունքի, իրավաբանության հետ, ու ակնհայտ է նաև ինձ համար, որ այս մոտեցումը շարունակական է լինելու։ Այսինքն թեև վերաքննիչ բողոքը մեր կողմից բնականաբար ներկայացվելու է, բայց վերաքննիչ դատարանից ես անձամբ որևէ ակնկալիք չունեմ, որ այլ մոտեցում է լինելու այս վարույթի և Դավիթ Համբարձումյանի անձի վերաբերյալ։

Վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակն է, որ սպառենք տեղական ատյանները և մոտենանք Եվրոպական դատարան գանգատ ուղարկելու կետին»,–ասաց նա՝ հավելելով, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ կայացված դատական ակտը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ 6 տարի 3 ամիս ազատազրկման դատավճիռը պայմանավորված է նրանով, որ հանկարծ Դավիթ Համբարձումյանը համաներման տակ չընկնի. «Առաջին երկրորդ կուրսի ուսանողը ձեզ կարող է  ասել, որ գրեթե առավելագույն նախատեսված պատժի չափի սահմանումը դատարանի կողմից պետք է ունենա լրջագույն հիմնավորումներ, մինչդեռ անգամ դատախազը իր եզրափակիչ ելույթով արձանագրել է, որ ծանրացնող հանգամանքներ առկա չեն, այլ հակառակը՝ առկա են մեղմացնող հանգամանքներ, այդ թվում նաև անչափահաս երեխաների առկայությունը։ Տեսական հնարավորություն նման բան անելու իհարկե կար, բայց դա ոչ միայն իրավական չի, այլ նաև բարոյական չի։ Այն, որ դատավորը դատավճիռ կայացնելիս նման պատժատեսակ, պատժաչափ չէր կարող ու չպետք է սահմանել, դա իմ համար ակնհայտ է»,– ընդգծեց պաշտպանը։

Նա տեղեկացրեց, որ Դավիթ Համբարձումյանը արդեն մի քանի օրէ  արձակուրդում է։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին, Գևորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել:  Բայց դատարանը որոշել էր Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել:

Քիչ առաջ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի փապտասրտովւմ թաքնվել, Հայաստան հետադարձ տոմսը հոկտեմբերի 28–ին է, և ինքը վերադառնալու է և շարունակելու է պայքարը այս իշխանությունների դեմ։