Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է 10 միլիոն ֆունտ սթեռլինգ (մոտ 13.3 միլիոն դոլար) հատկացնել մզկիթներում եւ մուսուլմանական կենտրոններում անվտանգության միջոցառումներն ընդլայնելու համար՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։
«[Մեծ Բրիտանիայի] վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի մզկիթներն ու մուսուլմանական կրոնական կենտրոնները կստանան լրացուցիչ 10 միլիոն ֆունտ սթեռլինգ անվտանգության ֆինանսավորում՝ ատելության հողի վրա կատարված հանցագործություններից եւ հարձակումներից պաշտպանվելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ նշվել է, որ միջոցները կօգտագործվեն տեսախցիկների եւ ազդանշանային համակարգերի տեղադրման, ցանկապատերի կառուցման եւ անվտանգության ծառայությունների վճարման համար։ Սա հավելում է կառավարության կողմից անցյալ տարի մզկիթների անվտանգության համար հատկացված 29.4 միլիոն ֆունտ սթեռլինգին (մոտ 39.2 միլիոն դոլար)։
Վարչապետը ֆինանսավորման մասին հայտարարել է Անգլիայի հարավում գտնվող Փիսհեյվենի մզկիթ այցելությունից հետո, որը հոկտեմբերի սկզբին հրկիզվել էր անհայտ հարձակվողների կողմից։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Կառավարության տվյալների համաձայն՝ մուսուլմանների դեմ ուղղված ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվը 2024թ․ մարտ եւ 2025թ․ մարտ ամիսների միջեւ աճել է 19 տոկոսով։ Կրոնական հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների 44 տոկոսը կատարվել է մուսուլմանների դեմ։





























