Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը ԱՄՆ է ժամանել «պաշտոնական բանակցությունների» համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին հայտարարությունից երկու օր անց, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով այցին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիեւը, ինչպես սպասվում է, կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների քննարկումը շարունակելու համար»։
CNN-ի հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում աճող դժգոհության ֆոնին, որը կապված է Կրեմլի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մերժման եւ Թրամփի կողմից Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված գագաթաժողովը չեղարկելու հայտարարության հետ, որի մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր մեկ շաբաթ առաջ։
Հեռուստաընկերությունը նաեւ նշել է, որ Դմիտրիեւը վերջերս առաջարկել է Ալյասկայի եւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի միջեւ «Թրամփ-Պուտին» թունել կառուցել։ CNN-ի հաղորդմամբ՝ խորհրդային ժամանակաշրջանի Ուկրաինայում ծնված եւ Հարվարդում եւ Սթենֆորդում կրթություն ստացած Դմիտրիեւն աշխատել է որպես խորհրդատու ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերությունում եւ որպես ներդրումային բանկիր Goldman Sachs-ում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո նա ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան անվանել է «Պուտինի եւ նրա ընտանիքի մտերիմ զինակից»։ ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես չեղարկել են Դմիտրիեւի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի ԱՄՆ պետդեպարտամենտը կարողանա նրան երկիր մուտք գործելու վիզա տրամադրել, ապրիլին CNN-ին հայտնել էր աղբյուրը։





























