Եվրամիությունը երաշխավորել է Ուկրաինային շարունակական ֆինանսական աջակցություն 2026 և 2027 թվականներին։ Ինչպես հայտարարվել է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովում, դաշնակիցները մտադիր են ապահովել Կիևի կայուն ֆինանսավորումը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։
Սակայն Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվների միջոցով 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր, գրում է Bild-ը։ Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ նշվում է, որ Եվրահանձնաժողովը պետք է «հնարավորինս շուտ» այդ միջոցներն օգտագործելու տարբերակներ ներկայացնի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով գագաթնաժողովում, հայտարարել է, որ Կիևին այդ միջոցները անհրաժեշտ են հնարավորինս շուտ։
«Մեզ այդ գումարն անհրաժեշտ է 2026 թվականին, և ավելի լավ կլինի, որ այն հասնի տարվա սկզբին։ Բայց ամեն ինչ մեզանից չէ կախված»,- ընդգծել է նա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվորեն առաջ են մղում ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։





























