Թբիլիսիի կանանց գաղութի մի խումբ բանտարկյալներ հունվարի 30-ից անժամկետ հացադուլ է սկսել` հանդես գալով իրենց երեխաներին մանկատուն տեղափոխելու դեմ:
Ակցիային մասնակցում են Իյա Խվիչիան, Իզոլդա Կվելիձեն, Թամարա Բարտայան, Ելենա Տուշիշվիլին եւ Սեդա Սիմոնյանը, ովքեր ունեն մինչեւ 3 տարեկան երեխաներ, եւ բանտային ադմինիստրացիան նրանց երեխաներին մանկատուն է տեղափոխում:
«Բանտարկյալները պահանջում են օրենսդրությունն այնպես ձեւակերպել, որ իրենց չզրկեն երեխաներից: Ելնելով հանցագործությունների բնույթից` բանտարկյալները դեռ երկար ժամանակ գտնվելու են բանտում, եւ ոչ ոք չգիտի, թե երբ նրանք կտեսնեն իրենց երեխաներին»,-լրագրողներին հայտնել է «Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության ղեկավար Նանա Կակաբաձեն: Նրա խոսքով, հացադուլ սկեսելով բանտարկյալները հույս ունեն գրավել լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրությունը:
Կակաբաձեն նշել է, որ վերոնշյալ բանտարկյալները դիմել են վրացական իշխանություններին եւ նախագահի կնոջը Սանդրա Ռուլոֆսին, սակայն անարդյունք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























