ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր ներկայիս ասիական շրջագայության ընթացքում, եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդը դա ցանկանա։
«Ես ոչինչ չեմ ասել այդ մասին, բայց կցանկանայի նրա հետ հանդիպել, եթե նա էլ դա ցանկանա։ Մենք նրա հետ գերազանց հարաբերություններ ունեինք, նա ինձ էր դուր գալիս, ես՝ նրան։ Եթե նա ուզում է հանդիպել, ապա ես շուտով կլինեմ Հարավային Կորեայում», — երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է նա ինքնաթիռում։
Թրամփը շեշտել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում ներկայումս նախատեսված չէ, բայց ինքը դեմ չէր լինի դրա անցկացմանը։
ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում երկարաձգել ասիական երկրներում իր շրջագայությունը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար։
Ավելի վաղ ամերիկյան պաշտոնյաները հայտարարել էին, որ Թրամփը չի նախատեսում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Ասիա կատարելիք իր այցի ընթացքում, որը ներառում է կանգառներ Մալայզիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, որտեղ էլ հենց տեղի կունենա ԱՏԽՀ-ի գագաթնաժողովը։
Փհենյանում բազմիցս հայտարարել են, որ բաց են ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկացման մասին իր պահանջից։



























