ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները հոկտեմբերի 25-26-ը մասնակցել են երկօրյա աշխատաժողովին, որը նվիրված էր քաղաքացիության շնորհման և դադարեցման նոր էլեկտրոնային համակարգի՝ mcs-citizenship.am-ի գործարկմանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը համակարգի գործարկման նախնական փուլում կարևորել է հարթակի համալիր և բազմակողմանի դիտարկումը։

Հարթակի մշակման աշխատանքներն իրականացվել են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ֆինանսավորմամբ։ Կենտրոնի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ընդգծելով համագործակցության արդյունավետությունը, գոհունակություն է հայտնել աշխատանքները վերջնական փուլ մտնելու համար:

Վերապատրաստման նպատակը ապահովելն էր, որ յուրաքանչյուր աշխատակից համալիր կերպով տիրապետի նոր համակարգի ֆունկցիոնալին, որտեղ դիմումատուները կարող են առցանց գրանցվել, ստեղծել և ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման կամ դադարեցման նախնական հայտեր։

Թվայնացման նպատակը ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար վարչարարությունը պարզեցնելն է:

Տեսական և գործնական քննարկումների միջոցով մասնակիցներին ներկայացվել են հարթակի մեխանիզմները, գործընկերության սկզբունքները, ինչպես նաև աշխատանքը էլեկտրոնային միջավայրում կազմակերպելու մարտահրավերները:

Հարթակի հեղինակները ներկայացրել են՝

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները,

միջազգային լավագույն փորձը,

ՀՀ Քաղաքացիության գործերի վարման հարթակի առանձնահատկությունները և ֆունկցիոնալը,

վերանայել են իրական դիմումների հիման վրա գործերը,

քննարկել են բարդ դեպքեր, որոնք պահանջում են նոր ընթացակարգերի կիրառում։

Այս գործնական մոտեցումը նպատակ ունի մինչև համակարգի լիարժեք գործարկումը բացահայտելու և լուծելու հնարավոր տեխնիկական և վարչարարական խոչընդոտները։