Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են 2026-2027 թվականների երկկողմ պաշտպանական համագործակցության ծրագիրը։
Մեծ Բրիտանիայի դեսպանատան X սոցիալական ցանցի ադրբեջանական էջում հրապարակվել են ստորագրման արարողության լուսանկարներն ու տեղեկությունները։
«Մենք հպարտ ենք պաշտպանության ոլորտում մեր սերտ համագործակցությամբ և ռազմավարական գործընկերության շրջանակներում դրա ունեցած դերով։ Երեկ Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2026/27 թվականների պլանը։ Անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր առաջնահերթությունների իրականացմանն ուղղված համատեղ աշխատանքի շարունակմանը», - ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Ադրբեջանին զենքի մատակարարման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի էմբարգոյի ամբողջական վերացումից հետո երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ են բացվել։





























