Երեւանի քաղաքապետարանն անդրադարձել է հասարակության շրջանում առաջ եկած անհանգստությանը, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղադրվելու են Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող այգում:

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է.

«Վերջին 2 ամիսների  ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Երեւանի Կենտրոնի գոտիավորման  նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի եւ Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երեւան» ծրագրով նախատեսված հատվածը:

Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները եւ դրանց սպասարկող տաղավարները՝  ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի: 

Տեղեկացնենք նաեւ, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների եւս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին:

Միեւնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում  քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի   բարեկարգման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության ծրագիր»: