Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի հարազատները կողմ են, որ Զատիկյանների որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանին ցմահ ազատազրկման դատապարտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սեդրակ Զատիկյանի մորեղբայրը Մելս Հարությունյանը: «Թեեւ ես չեմ որոշողը, դատարանը պետք է որոշի նրա բաժին պատիժը, բայց, իհարկե, կողմնակից ենք, որ ցմահ ազատազրկման դատապարտվի»,- նշեց Մելս Հարությունյանը եւ նկատեց, որ մինչ օրս նրան չհայտնաբերելու պատճառը ուզել չուզելու խնդիր է եղել:
Ի դեպ, այս ընտանիքները, ըստ Մելս Հարությունյանի, ժամանակին շատ մոտ են եղել: Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «նայող» դառնալու Ստեփան Հակոբյանի ցանկությունն է դարձել այդ երկու ընտանիքները վիճաբանության եւ անախորժությունների պատճառը, նա պատասխանեց. «Իհարկե, ճիշտ են: Դա այն հարցը չէ, որ կարող եմ միանշանակ պատասխանել, բայց ուրիշ ինչ հարց կարող էր լինել, որ իրար հետ մեծացել են, իրար հետ ապրել են, ընկերներ են եղել եւ հետո հոր մահանալուց հետո այդպես է եղել»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող, 33-ամյա Ստեփան Հակոբյանին, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Լեդի Հակոբ») եղբորորդին է: Ստեփան Հակոբյանի ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Կիեւյան կամրջի վրա: Նա եղել է 04 XX 600 համարանիշի Lexus մակնիշի ավտոմեքենայով, երկու թիկնապահների հետ: Թիկնապահներին եւս տեղափոխել են ոստիկանություն: Մեր տեղեկություններով, իրավապահները վերջին շրջանում հետեւել են Ստեփան Հակոբյանին, եւ նա երկու միջադեպով աչքի է ընկել: Մեկը մասնակցել է Գառնիի ձորում հարսանիքի, որտեղ սկանդալային միջադեպ է եղել, իսկ մյուս դեպքում ծեծի է ենթարկել իր խանութի աշխատակցին: Նա այժմ կալանավորված է: Սակայն այս գործով կա եւս մեկ հետախուզվող` Ստեփան Հակոբյանի ընկեր Նարեկ Խաչատրյանը, որը եւս մեղադրվում է Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է մեղադրանքի պատճառներին, ապա հիշեցենք, որ 2006 թվականի հունիսի 22-ին ժամը 14.45-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (Սպանությունը շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) հատկանիշներով հարուցվեց քրեական գործ եւ հետախուզում հայտարարվեց Ստեփան Հակոբյանի նկատմամբ: Հարկ է նկատվել, որ վերը նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: Ի դեպ, 2007 թվականի դեկտեմբերի 29-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը սույն գործով վճիռ էր կայացրել: Այդ վճռով, սպանություն կատարողը` Արսեն Առուշյանը, դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Սեդրակ Զատիկյանի տեղաշարժի մասին նրան ինֆորմացիա տրամադրած Լուսինե Ղեւոնդյանը եւ նրա ընկերը` Արթուր Հովհաննիսյանը, դատապարտվել էին, համապատասխանաբար, 8 եւ 10 տարվա ազատազրկման:
Դատաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների ու ապացույցների արդյունքում է պարզվել, որ հենց Ստեփան Հակոբյանն է եղել է սպանության պատվիրատուն, որից հետո Ստեփան Հակոբյանը մեկնել էր ՀՀ-ից: Սակայն նա գործում ներգրավվել էր որպես սպանության պատվիրատու, եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Պարզելու համար Ստեփան Հակոբյանը ընդունել է իր մեղքը, թե` ոչ NEWS.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, սակայն մեզ ընդամենը փոխանցեցին, որ այս պահին նախաքննությունը շարունակվում է:
Սեդրակ Զատիկյանի մորեղբորը` Մելս Հարությունյանին ուղված այն հարցին, թե Հակոբյանները մինչ օրս նրանց մեղադրանքը հետ վերցնելու, հաշտության գալու խնդրանքով դիմե՞լ են, թե` ոչ, նա արձագանքեց. «Այդպիսի բան չի եղել, ոչ ոք ոչ մոտեցել է, ոչ էլ կդիմեն: Ինչպե՞ս դիմեն, երբ ջահել 26 տարեկան երեխու ընտանիքը քայքայել, քանդել են: Հիմա ի՞նչ երեսով պետք է դիմեն կամ դա դիմելու բա՞ն է, որ դիմեն»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























