Ռուսաստանի Ամուրի շրջանում հունվարի 31-ի վաղ առավոտյան նավթային կազմն ընկել է ռելսերից: Արտակարգ պատահարի վայրում հրդեհ է բռնկվել, որի շիջման համար գրեթե 200 մարդ է ներգրավվել: Մասնագետների գնահատականով` ցիստեռներից կարող էր 100-200 տոննա նավթ հոսել:

Գնացքն ուղեւորվել էր Պրիմորսկի երկրամաս: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:30-ին (23:30 երեւանյան ժամանակով)` Բուրեյսկի շրջանի Մալինովկա գյուղի բնակելի տներից  200 մետր հեռավորության վրա: Ռելսերից գնացքի վերջում գտնվող 17 ցիստեռն է ընկել: Այրվող ցիստեռները առանձնացվել են հիմնական կազմից, որն իսկույն տեղափոխվել է անվտանգ տարածք:

Շրջանի կառավարության տվյալներով` թափվել է 10 ցիստեռների պարունակությունը: ԱԻՆ տվյալներով` բնակչությանը վտանգ չի սպառնում, տարհանում չի իրականացվում:

Զոհեր եւ տուժածներ չկան: Վագոնների վթարի նախնական վարկածը գործարանային թերությունն է եղել: Վթարի արդյունքում վնասվել են երկկողմանի ռելսերը: Աջ հարթակը վնասվել է 350մ, ձախը` 250:

Երկաթգծային տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է: Կազմակերպվել է այն գնացքների ուղեւորների փոխանցման աշխատանքը, որոնք չեն կարող շարունակել երթեւեկությունը, հաղորդում է Pravda.ru-ն: