Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ-ում վարձակալված մեծ տանը, որտեղ դեռահասները հավաքվել էին ծննդյան երեկույթի համար, որը գովազդվել էր սոցիալական ցանցերում, հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը։

Օհայո նահանգի հյուսիս-արևելքում քաոս էր տիրում, որոշ մարդիկ փախչում էին, իսկ փրկարարները կյանքեր փրկելու միջոցներ էին ձեռնարկում, հայտնել է ոստիկանությունը։

Հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 12:15-ի սահմաններում Բաթ քաղաքում, Ակրոնից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք։

Կիրակի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում ոստիկանապետ Վիտո Սինոպոլին հայտարարել է, որ տուժածների վնասվածքների ծանրությունը պարզ չէ։

Հայտնի չէ նաև, թե արդյոք բոլոր ինը մարդիկ հրազենային վնասվածքներ են ստացել։

Նրա վկայությամբ, մեկ անձի ոտքի վնասվածքը կարող էր առաջանալ ընկնելու հետևանքով։ Սինոպոլին պատմել է, որ մեծ տունը վարձակալվել էր Airbnb-ով, ինչն արգելված է տեղական գոտեվորման օրենքներով, և երեկույթի մասնակիցների մեծ մասը մինչև18 տարեկան է եղել։ Նա հայտնել է, որ տուժածների թվում կարող են լինել ինչպես անչափահասներ, այնպես էլ չափահասներ։

Ըստ ոստիկանապետի, սոցիալական ցանցերում երեկույթի մասին հաղորդագրությունները մեծ բազմություն էին հավաքել։