Հայաստանը ինտենսիվ երկխոսություն է զարգացնում Թուրքիայի հետ և ես լավատես եմ այս առումով, հուսով ենք աստիճանաբար արդյունքների հասնել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակի հայելային արտացոլում։ Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել կառավարությունների միջև և ջանքեր են անհրաժեշտ մարդկանց հաշտեցման համար։
Նախարարը նկատեց, որ Թուրքիայի հետ լրիվ հակառակն է. մարդիկ միշտ շփվել են, եղել է և այժմ էլ կա առևտուր։ Խնդիրն այն է, որ շփումներն իրականացվում էին երրորդ երկրների միջոցով։ Հիմա արդեն կան ուղիղ չվերթներ և պայմանավորվածություն՝ թռիչքների թիվը ավելացնելու վերաբերյալ։ Թուրքիայի հետ խնդիրը եղել է փակ սահմանը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Ինտենսիվ երկխոսությունը շարունակվում է, տեղի են ունեցել հանդիպումներ և այցեր, վարչապետ Փաշինյանն այցելել է Թուրքիա, Հայաստանը աջակցություն է ցուցաբերել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Այժմ քննարկվում են վստահության հաստատման այլ միջոցներ։




























