Twitter միկրոբլոգների ցանցում արված կատակը զրկել է բրիտանացի զույգին ԱՄՆ այցելելու հնարավորությունից: Նրանց մուտքն արգելել են destroy America գրառման համար, որն արձանագրել էին ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում Լեեմ վանն Բրայանն ու նրա ընկերուհին ձերբակալվել էին: Նրանց հինգ ժամ հարցաքննել են, ձեռնաշղթաներ հագցրել եւ նստեցրել ապօրինի ներգաղթյալներով ավտոբուսը, գրում է բրիտանական The Sun-ը:
Նրանք գիշերն անցկացրել են տարբեր բանտերում, ապա ինքնաթիռով ուղարկվել հայրենիք: Բրիտանացի զբոսաշրջիկը դժգոհել է, որ իրենց հետ վարվել են ինչպես իրական ահաբեկիչների հետ: Բոլոր փորձերը` բացատրելու, որ destroy America արտահայտությունը բրիտանական սլենգով նշանակում է լավ քեֆ անել, ուրախանալ, ապարդյուն են անցել: Զբոսաշրջիկն իր էջում նշել էր նաեւ, թե մտադիր է գերեզմանից հանել Մերիլին Մոնրոյին: Ըստ Բրայանի, ինքն ընդամենը մուլտֆիլմից մեջբերում է արել, սակայն ոստիկանները չեն լսել նրանց փաստարկներն ու ետ են ուղարկել:




























