Աֆղանստանի հարավային Ղանդահար նահանգի Թալիբանի ներկայացուցիչները հայտարարել են, որ երեքշաբթի Ռուսաստան է ուղարկվել 50 տոննա տեղական խնձորի առաջին խմբաքանակը, գրում է The Kabul Tribune-ը։

Ըստ Թալիբանի վերահսկողության տակ գտնվող Ղանդահարի գյուղատնտեսության և անասնապահության վարչության խոսնակ Մոհամմադ Հանիֆ Հաքմալի՝ արտադրանքը փաթեթավորվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ուղարկվել է Հերաթ նահանգի Թորղունդի սահմանային անցակետով։

Իշխանությունները հայտարարել են, որ ըստ գործող համաձայնագրի՝ առաջիկա շաբաթներին նախատեսվում է Ռուսաստան արտահանել մոտ 1000 տոննա Ղանդահարի խնձոր։ Դա Աֆղանստանի գյուղատնտեսական արտահանման ընդլայնման հերթական քայլն է. ավելի վաղ Ռուսաստանը նույն տարածաշրջանից 250 տոննա նուռ է ստացել։