Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդի մարմինը կհանձնի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամի բրիգադների» թելեգրամյան ալիքում։

«[Իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ] փոխանակման համաձայնագրի շրջանակում մենք որոշել ենք այսօր Շուջայա շրջանում հայտնաբերված պատանդի աճյունը հանձնել [բժշկական] անձնակազմին»,- ասված է հայտարարության մեջ: Արմատականները նշել են, որ Գազայում գործող Կարմիր Խաչն աճյունը կստանա «տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին»։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության են եկել իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Ըստ Թրամփի ծրագրի՝ Գազայում հրադադարը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին։

Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնեց չորս մահացած գերիների աճյունները։ Իսրայելի իշխանությունները դժգոհություն հայտնեցին արմատականների կողմից 28 մարմիններից միայն չորսի վերադարձման կապակցությամբ։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ը հրեական պետությանը ևս մի քանի պատանդի մարմին հանձնեց։ Մինչ օրս Գազայի արմատականները վերադարձրել են 21 սպանված պատանդների աճյունները։ Նոյեմբերի 5-ի դրությամբ նրանք շարունակում են պահել ևս յոթ առևանգված պատանդների մարմինները։