ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ամրապնդել իր ռազմական ներկայությունը Ռումինիայում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Չորեքշաբթի օրը Ռյուտեն ժամանել է Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին այցով։ Բանակցությունները տեղի են ունեցել Բուխարեստի Կոտրոչենի պալատում։ Դանի և Ռյուտեի համատեղ մամուլի ասուլիսը հեռարձակվել է Ռումինիայի նախագահի պաշտոնական կայքում։
«Անհրաժեշտության դեպքում կարող ենք լրացուցիչ ուժեր, դրանց թվում՝ ստորաբաժանումներ ուղարկել Ռումինիա։ Այժմ այստեղ մարզվում է ավելի քան 5000 զինվոր։ Եթե Ռումինիան հարձակման ենթարկվի, ՆԱՏՕ-ի 31 երկիր կպաշտպանի այն։ Մենք անպարտելի ենք, ուստի ոչ ոք չի ռիսկի դիմի մեր ուժերը փորձելու»,- ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Ռումինիան արժեքավոր դաշնակից է և Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման գործում առանցքային դեր է խաղում։
«Խոսքը լրացուցիչ ցամաքային և օդային միջոցների, ինչպես նաև նոր մարտավարության մասին է, ներառյալ՝ ծովային անօդաչու թռչող սարքերի օգտագործման։ ՆԱՏՕ-ն ամրապնդում է դիրքերը ամբողջ արևելյան հատվածում»,- հավելել է Ռյուտեն։
Ռումինիայի նախագահ Դանը աջակցել է գլխավոր քարտուղարի դիրքորոշմանն՝ ընդգծելով, որ «տարածաշրջանների միջև անհավասարակշռություն չկա» և որ «ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը մնում է իր արևելյան թևի անվտանգությունը»։
Պատասխանելով համաեվրոպական անօդաչու թռչող սարքերի դեմ վահանի ստեղծման վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համատեղ աշխատում են նախագծի վրա։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի վերջին հայտնել էր, որ Ռումինիան և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները տեղեկացվել են Եվրոպայում ԱՄՆ զորքերի մակարդակի կրճատման մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ծրագրում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը, սակայն չի բացառել, որ տարածաշրջանի ներսում որոշ ստորաբաժանումներ կտեղափոխվեն։





























