Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ Խաչիկ Եղոյանը մեծ պատմության մեջ է հայտնվել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործունեության պատճառով։

Խաչիկ Եղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց եղելությունը։

«Դեռ անցած տարվա փետրվարին նամակ եկավ ՋՕ–ից, որ պարտքերի պատճառով դատ են արել ու պատրաստվում են մեր թղթերն ուղարկել Հարկադիր կատարման ծառայություն։ Ես հայրիկիս հետ գնացի իրենց մոտ, քանի որ հողերը բոլորը հայրիկիս անունով է, ստուգեցին, պետի տեղակալն ասաց, որ թյուրիմացություն է եղել, էդ թուղթը պատռեց, ասաց՝ գնացեք տուն, ոչ մի խնդիր չկա։ Մի քանի ամիս անց՝ մայիսի վերջին, որ արդեն պետք է հայրիկս աշխատավարձ ստանար, պարզվեց, որ հարկադիր ծառայությունն արդեն արգելանք է դրել հաշվեհամարի վրա։ Հետո պարզվեց, որ ոչ միայն հաշվի վրա է կալանք դրված, այլ նաև տան վրա, ամբողջ ունեցվածքի վրա։

ՋՕ–ում մեզ ասացին, որ պետք է դիմում գրեք հարկադիր ծառայություն, որ կալանքը դուրս գա։ Թուղթ բերեցին և սկսեցին թելադրել դիմումը, որ խնդրում ենք այդ գումարը բաժանել ամիսների, կամաց–կամաց կմարենք։ Ընդ որում խոսքը 700 հազարից մինչև 1 մլն դրամի մասին էր։ Տեսնելով, թե ինչ դիմում է, հայրս պատռեց այն, քանի որ դրանով մեզ պարտադրում էին ընդունել, որ մենք այդքան պարտք ունենք։ Ասում են՝ եթե ուզում ես, որ էդ պարտքը ջրվի, այդ դիմումը պետք է գրես, բայց չես մուծի։

Ես իրենցից պահանջեցի մեր բոլոր փաստաթղթերը, հաշվառման քարտերը, մատյանները։ Ասացի՝ տվեք, տեսնեմ ես ձեզ ինչ փողեր եմ պարտք։ Երբ մեր պահանջով մատյանները տվեցին, պարզվեց, որ ըստ մատյանի ջուրը իբր տվել են ու մեր փոխարեն ստորագրել են։ Ստորագրությունների մոտ 70-80 տոկոսը կեղծված են, որի ապացույցները ես ունեմ ձեռքիս տակ։

Մենք դիմում գրեցինք Ջրային կոմիտե, ասացինք, որ այսպիսի խնդիր է առաջացել։ 15 օր անց Ջրային կոմիտեն պատասխանեց, որ սա դատական գործ է, իրենք դրա հետ կապ չունեն։

Երբ մենք ՋՕ–ից պահանջեցինք հաշվառման քարտերը, ինձ չտրամադրեցին՝ պատճառաբանելով, որ դուք դիմել եք Ջրային կոմիտե, իրենցից պահանջեք։ Ջրային կոմիտեից էլ ասում են, որ իրենք պարտավոր են տրամադրել»։

Խաչիկ Եղոյանի խոսքով, ինքը այս հարցով դեռ հուլիսին դիմել է ոստիկանության հակակոռուպցիոն բաժին. «Մի դիմում էլ մեր տեղի ոստիկանությունում տվեցի։ Դիմումը գնաց Արմավիրի քննչական, որտեղից հուլիսին պատասխան եկավ, որ հարցն ուսումնասիրման փուլում է, ու մինչ օրս որեւէ պատասխան չի եկել։

Հիմա մեր ցանկությունն է, որ իրավապահ մարմինները ի վերջո, այս գործն ուսումնասիրեն ու ընթացք տան խնդրին։

Ընդ որում, այս խնդիրը միայն մերը չի, էլի շատ գյուղացիների վրա պարտքեր են գրում, տալիս են հարկադիր, գյուղացիներն էլ ստիպված ստորագրում են, որ գոնե աշխատավարձ կարողանան ստանալ։

Ամենավատն այն է, որ իրենք մեզ ասում են՝ ում ուզում եք՝ դիմեք, ինչ ուզում եք՝ արեք։ Ինձ մոտ բոլոր փաստաթղթերը կան՝ կեղծված ստորագրություններով, այդ թվում ձայնագրություններ»,– հավաստիացրեց Եղոյանը։