Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը գնելուց հետո, այն կվերածվի Թումանյանի անվան հայ-վրացական կամ պարզապես գրական, մշակութային, կրթական կենտրոնի: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լոռվա հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը` հավելելով, որ իրենք կմասնակցեն կենտրոնի շահագործմանը, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանը վերանորգման աշխատանքներն իր վրա վերցնելու պատրաստակամություն է հայտնել:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, անդրադառնալով գործարքի գնին, նշեց, որ այդ տարածքում 1 քմ-ի գինը 800-1300 դոլար է: «Մենք փողի մասին չենք խոսում, այլ բնակարանի: Կտրամադրեմ պահանջվող գումարը»,- Վարդան Ղուկասյանի խոսքերը փոխանցեց Լեւոն Անանյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրաստբեկյանը, ուրախությամբ փաստեց, որ խնդիրն արդեն լուծված է, եւ իրենց ընտանիքն այլեւս չի զբաղվի այդ հարցով: Նա նաեւ նշեց, որ բնակարանի գնորդի մասին ինքը որեւէ մեկի ոչինչ չի ասել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը կգնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Քաղաքապետը նույնսիկ պարտավորագիր է գրել այդ մասին: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թումանյանի տուն-թանգարանը գնելու է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվեցին: Նշենք, որ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ հունվարի 19-ին մեկնել են Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները: Թբիլիսիից վերադառնալով, Լեւոն Անանյանը հայտարարել է, որ Թումանյանի տան սեփականատերը ազնիվ երիտասարդ է, որը պատրաստ է հայկական կողմից վաճառել տունը, եթե իր համար նույն թաղամասում տուն գտնեն: Հետագայում հայտարարվեց, որ արդեն կա հայ գնորդ, որը պատրաստ է տունը գնելուց հետո նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: Հիշեցնենք, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել:



























