ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (ՄՀՀԳ) խորը մտահոգություն է հայտնել Սուդանի Հյուսիսային Դարֆուրի նահանգում մարտական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 4-ը այդ նահանգի մայրաքաղաք Էլ-Ֆաշերից փախել է գրեթե 82 հազար խաղաղ բնակիչ, հայտնել է ՄՀՀԳ-ն։
ՄՀՀԳ-ն խորապես մտահոգված է «Հյուսիսային Դարֆուրում շարունակվող մարտական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության իրավունքների կոպիտ խախտումների մասին հաղորդագրությունների աճող թվով»,— ասվում է հաղորդագրության մեջ։ Գրասենյակն ուշադրություն է հրավիրել տեղի կամավորներից ստացված տեղեկությունների վրա՝ մահապատիժների, շորթումների և հարձակումների, ինչպես նաև «այլ համակարգված խախտումների, այդ թվում՝ անցյալ շաբաթ Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) կողմից Էլ-Ֆաշերը գրավելուց հետո մարտական գործողություններից փախած մարդկանց նկատմամբ»։
ՄՀՀԳ-ն, հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ), նշել է, որ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը «81 817 մարդ է տեղահանվել Էլ-Ֆաշերից և հարակից գյուղերից»։ Իրենց տները հարկադրաբար լքած խաղաղ բնակիչները մեկնել են, մասնավորապես, Թավիլա շրջան, որտեղ «արդեն իսկ գտնվում են նախորդ հարձակումներից փախած հարյուր հազարավոր մարդիկ»։ Ընդ որում, «մարդասիրական կարիքները զգալիորեն գերազանցում են առկա ռեսուրսները»։
ՄՀՀԳ-ն կոչ է արել հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Սուդանում իրավիճակը սրվել է 2023 թվականի ապրիլին՝ Ինքնիշխան խորհրդի (ժամանակավոր ղեկավար մարմին) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և ԱԱՈՒ-ի ղեկավար Մուհամմադ Համդան Դագալոյի միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Խարթումում բռնկված բախումներն արագորեն տարածվել են երկրի մյուս շրջաններում։ Փորձագետների գնահատմամբ, հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 40 հազար մարդ, իսկ մոտ 12 միլիոն սուդանցի ստիպված է եղել լքել իրենց տները, նրանցից շատերը հայտնվել են սովի շեմին։





























