ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ և անձնական զրույցներում հակասական կարծիքներ է հայտնել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթող Զոհրան Մամդանիի մասին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հրապարակային զրույցներում նախագահ Թրամփը շաբաթներ շարունակ քննադատել է Զոհրան Մամդանիին՝ որպես ծայրահեղական, կոմունիստ և Նյու Յորքի համար սպառնալիք... Սակայն անձնական զրույցներում Թրամփը Մամդանիին բնութագրել է... որպես տաղանդավոր քաղաքական գործիչ՝ անվանելով նրան խորաթափանց և լավ հռետոր», - գրում է հրատարակությունը։
Այնուամենայնիվ, Թրամփի մերձավոր շրջապատը պարբերականին հայտնել է, որ Մամդանին և Նյու Յորքը, հավանաբար, կլինեն ամերիկացի նախագահի ճնշման հաջորդ թիրախները: Միևնույն ժամանակ, նրանք ընդունում են, որ Թրամփը բիզնես շահեր ունի քաղաքում և հետևաբար, անձնական շահագրգռվածություն ունի դրա բարգավաճման հարցում:
Ավելի վաղ դեմոկրատ սոցիալիստ Մամդանին հաղթել էր Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։ Նա դարձել է ներկա հազարամյակի ամենաերիտասարդ քաղաքապետը և առաջին մուսուլմանը այդ պաշտոնում։ Մամդանին հանդես է գալիս էժան ապրանքներով խանութների ստեղծման, քաղաքում բնակարանների մի մասի վարձակալության գների սառեցման և ավտոբուսների ուղեվարձի չեղարկման օգտին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մամդանիին անվանել էր կոմունիստ՝ խոստանալով դադարեցնել Նյու Յորքին դաշնային օգնությունը։





























