Ռազմավարական գործընկերության անցնելու և «միասնական ճակատագրով ընկերակցություն» կառուցելու՝ Չինաստանի և Հայաստանի վերջին որոշումն արտացոլում է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլը: Դրա մասին NEWS.am գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետազոտական կենտրոնի գլխավոր քարտուղար Վան Սյաոցուանը:
«Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները առանձնապես դինամիկ են զարգացել: Միասնական ճակատագրով համայնք կառուցելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը վստահության և ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է»,- նշել է փորձագետը: Նրա խոսքով, այս ձևաչափը ենթադրում է ոչ միայն տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության ակտիվացում, այլև հումանիտար փոխանակումներում:
Վան Սյաոցուանն ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախագծի համաձայնեցումը մնում է չին-հայ համագործակցության հիմնական տարրը: «Այս երկու նախագծերը լրացնում են միմյանց ոգով և նպատակով։ Մենք ձգտում ենք ստեղծել ոչ միայն տրանսպորտային, այլև արդյունաբերական միջանցք, որը կխթանի տարածաշրջանի զարգացումը։ Կա չինական ասացվածք. «Եթե ուզում ես հարստանալ, կառուցիր ճանապարհ»։ Եվ ճանապարհի հետ միասին գալիս են տեխնոպարկեր և նոր աշխատատեղեր»,- նշել է նա։
Մասնագետը հավելել է, թե Չինաստանը հետաքրքրված է, որ Հարավային Կովկասը կայուն զարգացման գոտի դառնա։ «Մենք հեռու ենք, բայց միասին կառուցվող ճանապարհները մեզ ավելի են մոտեցնում։ Որքան շատ տրանսպորտային և ենթակառուցվածքային կապեր ունենանք, այնքան մեր ժողովուրդներն ավելի կմոտենան», - ընդգծել է Վանը։
Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու Հայաստանի նախաձեռնության վերաբերյալ ակադեմիայի ներկայացուցիչը հեռանկարներն անվանեց «շատ բարենպաստ»։ «Ողջունում ենք Հայաստանի հետաքրքրությունը ՇՀԿ-ի նկատմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմամբ և «Աշխարհի խաչմերուկ» նախագծի իրականացմամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում տարածաշրջանում կայունության և համագործակցության համար։ Հույս ունենք, որ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան դառնալ ՇՀԿ-ի նոր անդամներ»,- նշեց փորձագետը։
Պատասխանելով տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին հարցին՝ Վան Սյաոցուանը նշել է, որ Պեկինն աջակցում է ցանկացած արտաքին նախաձեռնության, քանի դեռ դրանք նպաստում են կայունությանը։ «Եթե ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում նպաստում է խաղաղությանը և զարգացմանը, մենք աջակցում ենք դրան։ Եթե հակառակը տեղի ունենա, Չինաստանը, մյուս երկրների հետ միասին, կընդդիմանա ցանկացած ապակայունացնող գործոնի։ Խաղաղությունն ու կայունությունը բխում են մեր ընդհանուր շահերից»,- ընդգծել է նա։





























