Նոյեմբերի 7-ին Երևանում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները կրթության, մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ստորագրել են հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ 11-րդ քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: «Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով Հայաստանի և Հնդկաստանի միջև դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում վերջին զարգացումները:
Հնդկաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորհրդակցությունների շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:



























