ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու պատճառը։
«Հիմնական փաստարկն այն է, որ նրանք պարզապես դեռ չեն ուզում կանգ առնել»,- նշել է ԱՄՆ նախագահը, հայտնում է Sky News-ը։
«Կարծում եմ՝ դա մեծ վնաս կհասցնի Ռուսաստանին, մեծ վնաս երկու երկրներին»,- ընդգծել է նա։
Թրամփը վերահաստատել է իր համոզմունքը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը նախագահ լիներ։
Վիկտոր Օրբանը համաձայնել է՝ նշելով, թե «կասկած չկա», որ եթե Թրամփը լիներ ԱՄՆ նախագահ, «պատերազմ չէր լինի»։
Հարցին, թե արդյոք դեռ ցանկանում է գնալ Բուդապեշտ՝ Պուտինի հետ գագաթնաժողովին, Թրամփը պատասխանել է, թե «կցանկանար դա անել» Հունգարիայի մայրաքաղաքում։
Նա նշել է, որ «միշտ հնարավորություն կա» հանդիպելու Պուտինի հետ Բուդապեշտում։ Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը և Օրբանը «համաձայն են, որ պատերազմը կավարտվի», և Օրբանը լրագրողներին ասել է, որ ինքը «որոշ գաղափարներ» ունի այն մասին, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ։
Նա հավելել է, որ դրանք այսօր կներկայացնի Թրամփին։ Թրամփը նշել է, որ Օրբանը հասկանում է Վլադիմիր Պուտինին և շատ լավ է ճանաչում նրան։ «Կարծում եմ՝ Օրբանը հավատում է, որ մենք կավարտենք այս պատերազմը ոչ այնքան հեռավոր ապագայում»,- նշել է նա։
«Խնդիրն այն է, որ նախագահը հսկայական ջանքեր է գործադրում, որոնք պարզապես հիանալի են և շատ դրական եվրոպական մայրցամաքի և Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար։ Բայց միևնույն ժամանակ մենք միասնական չենք, քանի որ Բրյուսելն ու եվրոպացիները պատերազմին տարբեր մոտեցումներ ունեն։
Հետևաբար, միակ կառավարությունը, որը պաշտպանում է խաղաղությունը, ԱՄՆ կառավարությունն է և Եվրոպայում գտնվող փոքրիկ Հունգարիան», - նշել է Օրբանը։
Նա նշել է, որ «բոլոր մյուս կառավարությունները նախընտրում են շարունակել պատերազմը», քանի որ նրանցից շատերը կարծում են, որ Ուկրաինան կարող է հաղթել։ Այնուհետև Թրամփը հարցը ուղղել է Օրբանին և հարցրել, թե արդյոք նա կասի՞, որ Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում։
«Գիտեք, կարող է հրաշք լինել»,- ասել է Օրբանը։ «Այո՛, հենց այդպես», - թեթևակի քմծիծաղով պատասխանել է Թրամփը։



























