«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը եւ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազգային ժողովում հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս Հայաստան են այցելել եւ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումներ են ունենում ընտրությունների կազմակերպման, դիտորդական առաքելություն ուղարկելու եւ անցած տարի ընդունված Ընտրական օրենսգրքի կիրառման հետ կապված զեկույց պատրաստելու առաքելությամբ:

Հյուրերի խնդրանքով «Ժառանգության» անդամները ներկայացրել են ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորմանը, թեկնածություների գրանցմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կապակցությամբ «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ օրենսդրական առաջարկությանը, կուսակցությունների եւ պետական ռեսուրսների տարանջատմանը վերաբերող հարցերը: