Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` հունվարի 31-ին, հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երեւանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի եւ ժամկետների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ ազգային կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաեւ ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:



























