Գիտնականները պարզել են, որ հաճախորդների կոպիտ վարքագիծը կարող է խաթարել աուդիտորների՝ աուդիտները պատշաճ կերպով կատարելու ունակությունը: Accounting & Finance ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ Վաթեռլոոյի և Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանների պրոֆեսորների թիմը փորձ է անցկացրել՝ ստուգելու համար, թե ինչպես է անքաղաքավարությունն ազդում աուդիտորների վրա:
Հարցման ընթացքում աուդիտորների մոտ 90%-ը խոստովանել է, որ բախվել է հաճախորդների անհարգալից վերաբերմունքին, 77%-ը հայտնել է, որ իրեն ուղղակիորեն ասվել է, թե ինչպես պետք է ընթանա աուդիտը, իսկ 60%-ից ավելին ասել է, որ իր կարողությունները կասկածի տակ են դրվել:
Լաբորատոր պայմաններում նրանք, որոնց «հաճախորդները» անքաղաքավարի են գործել, զգալիորեն ավելի քիչ են հակված եղել վերանայելու կասկածելի հաշվապահական որոշումները:
Հեղինակների խոսքով՝ պատճառը հուզական ճնշումն է. անհարգալից զգալով՝ աուդիտորները կորցնում են մասնագիտական սկեպտիցիզմը և ավելի քիչ են դժվար հարցեր տալիս:
Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել նաև, որ եթե աուդիտորին առաջարկվում էր նախաձեռնողական ռազմավարություն՝ կապ հաստատել գործընկերոջ հետ կամ տեղեկացնել ղեկավարությանը, ապա աուդիտորի՝ արդյունավետ աուդիտ անցկացնելու ունակությունը վերականգնվում էր:
Հեղինակներն ընդգծում են այս ուսումնասիրության կարևորությունը. աուդիտորական ընկերությունները և կարգավորող մարմինները պետք է հաճախորդների անքաղաքավարությունն ընկալեն ոչ թե որպես «մանրուք», այլ որպես ֆինանսական հաշվետվությունների աուդիտների որակի համար լուրջ ռիսկի գործոն։
Աուդիտորներին նախաձեռնողական արձագանքման հմտություններ սովորեցնելը ոչ միայն օգտակար է, այլև անհրաժեշտ։




























