Միացյալ Նահանգները նոյեմբերի սկզբից բանակցություններ է վարում ՄԱԿ Անվտանգության խորհրդում բանաձեւի իր նախագծի շուրջ, որն աջակցում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանին։ Այս մասին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
Ինչպես նշվել է հրապարակված հայտարարությունում, նոյեմբերի սկզբից ԱՄՆ-ը «Նյու Յորքում սկսել է բարեխիղճ բանակցություններ [բանաձեւի] նախագծի շուրջ՝ Անվտանգության խորհրդի անդամների եւ Վաշինգտոնի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի հասնի կոնսենսուսի «միջազգային կայունարար ուժերի» աջակցության եւ Գազայում պաղեստինցիների համար առանց [պաղեստինյան արմատական] ՀԱՄԱՍ շարժման «կայուն, անվտանգ, խաղաղ եւ բարգավաճ ապագա ապահովելու» փաստաթղթի կնքմանը։ «Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին օգտվել այս պատմական պահից եւ աջակցել նախագծին այն բանի համար, որ ճանապարհ հարթվի դեպի ամուր խաղաղություն Մերձավոր Արեւելքում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ փաստաթուղթը նպատակ ունի «մինչեւ վերջ հասցնել» Թրամփի առաջարկած խաղաղ պլանը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համապարփակ պլանը»՝ ուղղված Գազայի հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը կազմված է 20 կետերից եւ նախատեսում է, մասնավորապես, անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման հաստատում եւ այնտեղ միջազգային կայունարար ուժերի տեղակայում։ Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը ստորագրել են խաղաղ պլանի առաջին փուլի իրագործման համաձայնագիրը։ Հոկտեմբերի 10-ին Գազայում հրադադարի համաձայնագիրը մտել է ուժի մեջ։





























