ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը չգիտի՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառը փակցնելն օրենքի խախտում է, թե ոչ։ «Չեմ կարող ասել, եթե օրենքի խախտում է, պետք է արձանագրվի, հանվի»,- ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է արձանագրվեն նաև մյուս թեկնածուների պաստառները։

Խուդաթյանի խոսքով՝ իրենք ունեն վստահություն, որ լավ քարոզարշավ են արել, ունեն մրցունակ ցուցակ և հետևաբար՝ հաղթելու մեծ հնարավորություն։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե եթե ՔՊ-ն համայնքում մեծ աջակցություն ունի՞, ինչու՞ էին նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքին տարբեր համայնքներից, այդ թվում՝ Թալինից մարդիկ մասնակցում, Խուդաթյանը նշեց՝ քաղաքական թիմի աջակիցներն էին, որոնք կարող են տարբեր վայրերից գալ։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ՔՊ թիմում մտահոգված չե՞ն, որ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ Համբարձումյանը ՔՊ կուսակցությունից է և Վաղարշապատի ընտրություններում պետք է տեղամասային հանձնաժողովի նախագահ լիներ։ ԶԼՄ-ները նաև գրել էին, որ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում։

«Դա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, նկատի ունեմ՝ այդ մարդը, որը գյուղի համար մեծ ծավալի աշխատանք է կատարել, ինքը տարվա մեջ 1-2 անգամ, երբ գալիս է իր ծննդավայր, միջոցառում է կազմակերպում։ Բազմաթիվ անգամ չարչրկված ֆինանսական օգնությունը, որը տրվել էր առողջական խնդիրներ ունեցող երեխայի ընտանիքին, այդ երեխայի ընտանիքը «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի հորեղբոր ընտանիքն է»,- ասաց Խուդաթյանը։

Հավելեց՝ քրեական գործ կա, ավելին ասել չի կարող այս փուլում, իրենք որևէ մտավախություն չունեն։

Լրագրողների պնդումներին՝ Մայր Աթոռի վրա հարձակումների մասին, Խուդաթյանն արձագանքեց, որ Մայր Աթոռի դեմ արշավ չկա:

«Եթե հետևել եք, պետք է տեսած լինեիք, որ մեր հանրահավաքին նաև Արմավիրի թեմի հոգևորականներից են մասնակցել, օրհնության խոսք են ուղղել, ինչի համար շնորհակալ ենք իրենց և Արմավիրի ողջ թեմին»,- նշեց Խուդաթյանը: