Նախևառաջ ուզում եմ շնորհավորել վաղարշապատցիներին երեկ կայացած ՏԻՄ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի ավագանու հերթական գործակարգավարական խորհրդակցության սկզբում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շնորհավորում եմ իմ թիմակիցներին, Արգիշտի Մեխակյանին, ով, վստահ եմ, որ Վաղարշապատը տանելու է կայուն զարգացման ճանապարհով։ Իհարկե, նաև ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որովհետեւ հերթական անգամ մեր ևս մեկ խոշորացված համայնքում տեղի ունեցան այն ընտրությունները, որոնք սկսել են տեղի ունենալ 2018–ից ի վեր։ Այսուհետ Հայաստանում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններից բացի այլ ընտրություններ  չպետք է տեղի ունենան։ Եվս մեկ անգամ  շնորհավորում եմ բոլորիս այս առիթով»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝  ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։