Փաշինյանն, անդրադառնալով Վաղարշապատում քպ թեկնածուի հաջողությանը, անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր և ի սկզբանե պարզ էր, որ քպ-ին քաղաքը վերցնելն անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում:

Սրանով էր պայմանավորված երկրի ողջ ռեսուրսի կենտրոնացումը Վաղարշապատի ուղղությամբ, որովհետև այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր:

Թեև Վաղարշապատում բուն քպ թեկնածուն խուսափում էր, շրջանցում Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր:

Ինքն իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը պահելու և պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար», - նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝  ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։