ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կուսակիցները, որոնք վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները, պետք է քվեարկեն ֆինանսիստ Ջեֆրի փգործով նյութերի հրապարակման օգտին․ նա դատապարտվել է պեդոֆիլիայի համար և հետագայում ինքնասպան է եղել։
Թրամփը հոկտեմբերի 16-ին Truth Social-ում հրապարակում էր կատարել, որում ընդգծել էր, որ «թաքցնելու ոչինչ չունի» և կոչ էր արել «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին քվեարկել Էփշթեյնի գործի նյութերը հրապարակելու օգտին»։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը կրկին մեղադրել էր Դեմոկրատական կուսակցության իր քաղաքական ընդդիմախոսներին այն բանում, որ նրանք դիտմամբ առաջ են մղում Էփշթեյնի գործը՝ «հանրապետականների հաջողությունից ուշադրությունը շեղելու համար»։
Թրամփի վարկածով՝ եթե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Էփշտեյնի գործի հետ կապված իրեն վարկաբեկող «գոնե որևէ» տվյալ ունենային, «նրանք դրանք կհրապարակեին նախագահական ընտրություններում [իր] հաղթանակից առաջ»։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը, ով ավելի վաղ Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել Էփշտեյնի և նշանավոր դեմոկրատների, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի (1993-2001 թվականներ) կապերի վերաբերյալ, նշել է, որ Էփշտեյնի գործը «անեծք կլինի դեմոկրատների», այլ ոչ թե իր համակուսակիցների համար։
Անցած շաբաթ դեմոկրատները հրապարակել են Էփշտեյնի էլեկտրոնային նամակագրության մի մասը իր ծանոթներից և մերձավոր անձանցից մի քանիսի հետ։ Դրանից, ի թիվս այլ բաների, հետևում էր, որ Թրամփը կարող էր տեղյակ լինել Էփշտեյնի հանցագործությունների մասին։ Սպիտակ տունը դեմոկրատների գործողությունները որակել է որպես նախագահին սևացնելու փորձ։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Դեմոկրատական կուսակցության քայլերը համարել է Վաշինգտոնում հերթական բյուջետային ճգնաժամի՝ իրենց համար անշահավետ հետևանքներից համաքաղաքացիների ուշադրությունը շեղելու փորձ։
Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է այն մասին, որ առկա են վկայություններ, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենում գտնվող իր տուն, որոնցից ամենակրտսերը եղել է 14 տարեկան։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել գործող և պաշտոնաթող մեծ թվով պաշտոնատար անձինք (ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ) ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա ինքնասպանություն է գործել բանտախցում 2019 թվականի օգոստոսին։




























