Չիլիում նոյեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50%-ից ավելին։

Առաջին փուլում առաջատարներն են եղել Կոմունիստական ​​կուսակցության անդամ և աշխատանքի նախկին նախարար Ժանետ Խարան և ծայրահեղ պահպանողական Խոսե Անտոնիո Կաստը։ Associated Press-ի տվյալներով՝ Խարան ստացել է ձայների մոտավորապես 27%-ը, ինչը սպասվածից ցածր է։ Կաստը ստացել է 24%։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը 19%-ով գրավել է աջ կենտրոնամետ «Մարդկանց կուսակցությունից» Ֆրանկ Պարիսին, չորրորդը՝ ծայրահեղ աջակողմյան Ազգային-լիբերտարական կուսակցությունից Յոհանես Կայզերն է, հինգերորդը՝ աջ կենտրոնամետ «Չիլի, առա՛ջ» կոալիցիայից Էվելին Մատեին։ AP-ն նշում է, որ նման արդյունքները թույլ են տալիս Կաստին առավելություն ունենալ երկրորդ փուլում, որտեղ ընտրողները պետք է ընտրեն երկու թեկնածուների միջև։

AP-ն նշում է, որ Կաստը նախընտրական քարոզարշավը կառուցել է ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խոստումների վրա։ Հարան խոստացել է ընդլայնել սոցիալական պաշտպանությունը և պայքարել թմրանյութերի տարածման ու փողերի լվացման դեմ։

Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 14-ին։

Չիլիի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության։

Չիլիում 2021 թվականին կայացած նախորդ նախագահական ընտրություններում երկրորդ փուլում հանդիպել են Խոսե Անտոնիո Կաստը և Գաբրիել Բորիչը։ Առաջին փուլից հետո առաջատար Կաստը պարտվել է։ Ձախակողմյան կոալիցիայից ընտրություններին մասնակցող 35-ամյա Բորիչը դարձել է Չիլիի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։