Նախընտրական քարոզաշրավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որից 45-ը վերաբերում է քարոզչական պաստառներին, վարչական ռեսուրսի չարաշահմանն ու բարեգործության արգելքի խախտմանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Վաղարշապատ համայնքում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդության արդյուքները ներկայացնելով՝ ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ իրենք ներկայացրել են հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 2-ը պաշտոնական դիրքի չարաշահում է, և 3-ը՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հիմքով։

«Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ»,- ասաց Իոաննիսյանը։

Խոսելով արդեն քվեարկության օրվա ընթացքում գրանցված խախտումների մասին, Իոաննիսյանն ասաց, որ եղել են բաց քվեարկության բազմաթիվ դեպքերը, երկու դեպքում է, իրենց գնահատմամբ, միտումնավոր, կարծեք ուզեցել են ցույց տալ, թե ում են քվեարկում։ Նա նաև նշեց, որ ՔՊ–ի և «Հաղթանակ» դաշինքի օգտին որոշ քվեաթեթրիկներ յուրովին էին ծալված, տարբերվող, ինչը կասկած է  հարուցում, որ նույն երևույթն է ինչ ժամանակին ունեին «գունավոր գրիչների» հետ կապված։

«Կասկած կա, որ միգուցե որոշ քաղաքացիների ասել են, որ քվեաթերթիկը յուրովի կծալես, որպեսզի տեսնենք»,-ասաց դիտորդը՝ հավելելով, որ դե ֆակտո որևէ մեկը չի կարող դա վերահսկել։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ նշեց, որ էական թերություններ, խախտումներ չեն արձանագրվել,    ընտրությունները մրցակցային են եղել։