ԱՄՆ-ն երեքշաբթի օրը հաստատել է Ուկրաինային 105 միլիոն դոլարի պահեստամասերի վաճառքը՝ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի արդիականացման և սպասարկման համար, հաղորդում է AFP-ն։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կոնգրեսին տեղեկացրել է Ուկրաինայի կողմից հրթիռները ոչնչացնելու համար օգտագործվող Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասերի մատակարարման, ուսուցման և սպասարկման գործարքի մասին։
Վաճառքը ներառում է արձակման կայանքների արդիականացում M901-ից մինչև M903 մակարդակ, որոնք կարող են միաժամանակ ավելի շատ հրթիռ արձակել։
«Առաջարկվող վաճառքը կբարելավի Ուկրաինայի՝ ներկայիս և ապագա սպառնալիքներին դիմակայելու կարողությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ուկրաինան կվճարի Patriot-ի արդիականացման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, որը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր կազմել է մոտ 67 միլիարդ դոլար։
Անցյալ ամիս Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարձակումների սրմանը դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ևս 25 Patriot համակարգ։





























