Հարվարդի համալսարանը նոր հետաքննություն կսկսի ԱՄՆ նախկին ֆինանսների նախարար Լարի Սամերսի և դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի կապերի վերաբերյալ, այն բանից հետո, երբ վերջերս հրապարակված փաստաթղթերը ցույց տվեցին, որ նրանք «տարիներ շարունակ անսովոր մտերիմ հարաբերություններ են ունեցել», հաղորդում է համալսարանի The Crimson թերթը։

Հարվարդի մամուլի խոսնակ Ջոնաթան Սվեյնը լրատվամիջոցներին ուղղված հայտարարության մեջ գրել է, որ «համալսարանը վերանայում է Հարվարդի անհատների վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներառված է վերջերս հրապարակված Ջեֆրի Էպշտեյնի փաստաթղթերում՝ գնահատելու համար, թե ինչ գործողություններ կարող են անհրաժեշտ լինել»։

Հարվարդի համալսարանի նախկին նախագահ Սամերսը, ով այժմ այնտեղ պրոֆեսոր է, երկուշաբթի օրը The Crimson-ին հայտնել է, որ հրաժարվելու է բոլոր հանրային պարտավորություններից, այն բանից մի քանի օր հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հրամայել էր հետաքննել նրա և այլ նշանավոր դեմոկրատների կապերը Էփշտեյնի հետ։

Թրամփը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի Էփշտեյնի հանցագործությունների հետ։ Անցյալ չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության հանձնաժողովը հրապարակել է Էփշտեյնի հետ կապված հազարավոր ֆայլեր, ներառյալ փաստաթղթեր, որոնք վկայում են Սամերսի և Էփշտեյնի միջև անձնական նամակագրության մասին։ Համալսարանական հետաքննությունը կուսումնասիրի Հարվարդի բոլոր մյուս մասնաճյուղերը, որոնք ներգրավված են եղել Ներկայացուցիչների պալատի կողմից հրապարակված փաստաթղթերում, ներառյալ Սամերսի կինը և Հարվարդի մոտ մեկ տասնյակ այլ ներկայիս ու նախկին աշխատակիցներ, հայտնում է The Crimson-ը։

Հետաքննությունը կքննարկի չորեքշաբթի օրը հրապարակված ֆայլերում հայտնաբերված ցանկացած նոր տեղեկատվություն, այդ թվում՝ Սամերսի և Էփշտեյնի միջև կանանց, քաղաքականության և Հարվարդի հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ փոխանակված հարյուրավոր հաղորդագրությունները։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր Էփշտեյնի վիճահարույց գործի հրապարակումը։

Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մեյսին հայտարարել էր, որ Էփշտեյնի դոսիեում առկա է առնվազն 20 անձի անուն։ Նրանց թվում են քաղաքական գործիչներ, միլիարդատերեր և կինոպրոդյուսերներ, որոնք ներգրավված են եղել հանցագործություններում, սակայն այդպես էլ չեն հետաքննվել։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է դոսյեի հրապարակմանը՝ փորձելով պաշտպանել «հարուստ և ազդեցիկ ընկերների խմբին»։