Հայ ճարտարապետ Սարգիս Սարգսյանը, միջազգային ճարտարապետական Bjarke Ingels Group (BIG)  միջազգային բյուրոյի կազմում, հաղթել է  Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի նոր շենքի նախագծման մրցույթում: Սարգիս Սարգսյանը համաղեկավարել է  հաղթող  ճանաչված նախագիծը, որն աչքի  է ընկնում ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումներով: 

Ուշագրավ է, որ միջազգային  նման խոշոր և հեղինակավոր մրցույթում հաղթած ճարտարապետն իր փորձն ու գիտելիքները ներդնում է  նաև  Հայաստանում.  Proforma ճարտարապետական բյուրոյի  թիմի հետ նա մշակել է Դիլիջանի Mountain Village բնակելի համալիրի հայեցակարգը՝  առաջադեմ  ու կանաչ տեխնոլոգիաները, էկոլոգիական բարձր չափանիշները,  համարձակ ճարտարապետական լուծումները ներդաշնակորեն համադրելով տեղական լանդշաֆտի ու ավանդույթների հետ:

«Սարգիս Սարգսյանի այս հաջողությունը վկայում է այն մասին, որ մեր էկոհամակարգում շարունակում են առաջնային տեղ ունենալ որակը, նորարարական տեխնոլոգիաներն ու միաժամանակ՝ ավանդույթների պահպանությունը: Mountain Village-ի նախաձեռնությունը պատկանում է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք նաև Դիլիջանի  միջազգային դպրոցի հիմնադիրներն են, և նրանց համար մշտապես կարևոր է եղել միջազգային  լավագույն տեխնոլոգիաներն ու փորձը Հայաստան բերելը: Պիտի նշեմ, որ դպրոցի շենքը, իր ճարտարապետական լուծումների շնորհիվ, մրցանակներ է բերել Հայաստանին՝ հինգ անգամ հաղթելով շինարարական  և ենթակառուցվածքային միջազգային հեղինակավոր մրցույթներում: Վստահ ենք, որ Mountain Village-ը ևս  նշանակալի դեր է ունենալու Դիլիջանի գրավչությունը բարձրացնելու առումով»,- ասել է Mountain Village նախագծի ղեկավար Գլեբ Գրոշենկոն: