Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հինգշաբթի, երբ ավելի վաղ վարչապետ Ալբին Կուրտիի իշխող «Վետեվենդոսյե» կուսակցությունը չկարողացավ բավարար ձայներ ապահովել խորհրդարանում՝ կառավարություն կազմելու համար, արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 28-ին, հաղորդում է Reuters-ը։

Կոսովոյի խորհրդարանը չկարողացավ կառավարություն կազմել փետրվարյան ընտրություններից հետո, որոնցում «Վետեվենդոսյեն» հաղթեց, բայց բավարար տեղեր չապահովեց միայնակ կառավարելու համար։

«Իմ կոչը կուսակցություններին այն է, որ այժմ անցկացնեն արժանապատիվ ընտրարշավ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքով և բարձրագույն քաղաքական չափանիշներով,- լրագրողների հետ զրույցում ասել է Օսմանին։ -Ես կոչ եմ անում կուսակցություններին, արդյունքները ստանալուց հետո, նստել, խոսել և կրել ձեր վրա դրված պատասխանատվությունը։ Մեր քաղաքացիներին շտապ անհրաժեշտ են կայուն և հաշվետու ինստիտուտներ, որոնք որոշումներ են ընդունում իրենց շահերից ելնելով»։

Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվեցին կառավարել Կուրտիի հետ՝ քննադատելով նրան Կոսովոյի արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների կառավարման և Կոսովոյի սերբական փոքրամասնությամբ էթնիկապես բաժանված հյուսիսում նրա գործողությունների համար։ Ձախակողմյան և ալբանացի ազգայնական Կուրտին իշխանության եկավ 2021 թվականին, երբ Վետիևենդոսի գլխավորած կոալիցիան ստացավ ձայների ավելի քան 50%-ը և ապահովեց յոթ տեղանոց խորհրդարանական մեծամասնություն։

Եվրոպայի ամենաերիտասարդ երկիրը՝ Կոսովոն, անկախություն ձեռք բերեց Սերբիայից 2008 թվականին՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ, 1999 թվականին սերբական ուժերի դեմ ՆԱՏՕ-ի 78-օրյա ռմբակոծություններից հետո։