Լիտվան, ի պատասխան այն բանի, որ Բելառուսն արգելում է լիտվական ընկերություններին պատկանող բեռնատարներին հատել սահմանը, հայտարարել է Մինսկի դեմ ազգային պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է բալթյան երկրի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
«Մեր գործիքները [Բելառուսի վրա ազդելու] չեն սպառվել,- նշել է նա:- Գարնանը մենք մշակել ենք Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցների փաթեթ, որը դեռեւս չի իրականացվել, բայց հնարավոր տարբերակներից մեկն է»։
Նախարարը չի մանրամասնել առաջարկվող ազգային պատժամիջոցներում ներառված միջոցառումները։
Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով միակողմանիորեն փակել է Բելառուսի հետ սահմանը՝ իբր թե ծխախոտի օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը, Վիլնյուսի հավաստիացմամբ, սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Ի պատասխան՝ Մինսկը արգելել է լիտվական բեռնատարներին սահմանը հատել եւ կարգադրել, որ դրանք կայանեն վճարովի կայանատեղիներում: Արդյունքում՝ ավելի քան 1 000 լիտվական բեռնատար մնացել է Բելառուսում: Լիտվան հինգշաբթի բացել է իր սահմանը, բայց բեռնատարները նախկինի պես, ըստ լիտվական կողմի, դեռեւս կանգնած են Բելառուսի արգելքի պատճառով, իսկ երկնքում նորից հայտնվել են մաքսանենգների օդապարիկները։




























