Եվրոպայում ամառը դառնում է ավելի երկարատև ու շոգ, սակայն մինչ օրս «մեծ անորոշություն» կար այն հարցում, թե հատկապես ինչպես և ինչու է դա տեղի ունենում, պատմում է Ռոյալ Հոլոուեյի աշխարհագրության ֆակուլտետի առաջատար հետազոտող, դոկտոր Սելիա Մարտին-Պուերտասը։
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ներկայիս շոգը կրկնում է 6000 տարվա վաղեմության շոգը և կարող է ապագայում էլ ավելի շոգ օրերի նշան լինել։
Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համար Մարտին-Պուերտասն ու նրա թիմը ուշադրություն են դարձրել կլիմայական պատմության կարևոր աղբյուրի՝ տիղմի վրա։ Եվրոպական լճերի հատակին հայտնաբերված նստվածքները պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են փոխվել տարվա եղանակները վերջին 10 000 տարվա ընթացքում։
Euronews-ը հաղորդում է, որ նրանք գնահատել են «լայնության ջերմաստիճանային գրադիենտը» կամ Արկտիկայի և հասարակածի միջև ջերմաստիճանի տարբերությունը։ Հենց այդ գրադիենտն է որոշում եղանակը Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից քամիներն ուղղելով դեպի մայրցամաք։
Արկտիկայի տաքացմանը զուգընթաց՝ Արկտիկայի և հասարակածի միջև ջերմաստիճանի տարբերությունը նվազում է։ Արդյունքում օդային հոսքերը դանդաղում են, ինչն ուժգնացնում և երկարացնում է ամառային եղանակային երևույթները, օրինակ՝ ջերմային ալիքները։ Բուն ամառային սեզոնը նույնպես ավելի երկար կտևի։
Հետազոտության համաձայն, լայնություններում ջերմաստիճանային գրադիենտի 1°C-ով նվազման դեպքում ամառային սեզոնը կերկարի մոտ վեց օրով։ Տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչև 2100 թվականը դա կարող է ավելացնել 42 լրացուցիչ ամառային օր։ Սակայն Արկտիկայի տաքացման ներկայիս միտման պարագայում մինչև դարավերջ Եվրոպայում կարող է հաստատվել ութամսյա ամառային եղանակ։
Դա համապատասխանում է մոտ 6000 տարի առաջ Եվրոպայում տիրող պայմաններին, երբ տաք սեզոնը տևում էր գրեթե 200 օր։
Թեև ջերմաստիճանային գրադիենտը միշտ գոյություն է ունեցել, ջերմոցային գազերի արտանետումներն արագացնում են Արկտիկայի տաքացումը։ Ներկայումս այդ տարածաշրջանը միջինում չորս անգամ ավելի արագ է տաքանում, քան մնացած աշխարհը։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սա պարզապես ժամանակակից երևույթ չէ, այլ Երկրի կլիմայական համակարգի կրկնվող առանձնահատկություն,- ասում է հետազոտության հեղինակ, Ռոյալ Հոլոուեյի աշխարհագրության ամբիոնի նախկին գիտաշխատող, պրոֆեսոր Լորա Բոյալը։- Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է՝ փոփոխությունների արագությունը, պատճառներն ու ինտենսիվությունը»։
Հեղինակները նշում են նաև, որ ամառային օրինաչափությունների փոփոխությանը նպաստում են նաև այլ գործոններ, օրինակ՝ մարդու գործունեությամբ պայմանավորված դրական և բացասական հետադարձ կապի օղակները։
Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է։ Քաղաքները հատկապես ուժեղ են տուժում գլոբալ տաքացումից՝ քաղաքային ջերմային կղզու էֆեկտի պատճառով, երբ ջերմությունը պահվում է շենքերի կողմից և կլանվում ասֆալտի ու բետոնի մեջ։
«Կլիմայական կայունություն բոլորի համար» կազմակերպության՝ այս ամառ հրապարակած վերլուծության մեջ ուսումնասիրվել են 2019-2023 թվականներին աշխարհի 85 քաղաքների ջերմաստիճանային տվյալները։ Պարզվել է, որ «ջերմային սեզոնները» այժմ տեղի են ունենում ոչ միայն ամառային ամիսներին։
Շոգի առանձնապես երկարատև սեզոն է գրանցվել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Բարձր ջերմաստիճանը պահպանվել է մայիսի կեսերից մինչև հոկտեմբերի սկիզբը։ Տիրանայում (Ալբանիա) նույնպես դիտվել է ծայրահեղ շոգի 143 օր։ Լիսաբոնում (Պորտուգալիա) և Մադրիդում (Իսպանիա) շոգ սեզոնների տևողությունը կազմել է համապատասխանաբար 136 և 119 օր։