Ամբողջ աշխարհի երաժշտական հանրությանը ցնցել է լուրը, որ Լոս Անջելեսի Մալհոլանդ Դրայվ փողոցում գտնվող իր սեփական տանը, փետրվարի 1-ի առավոտյան գտել են հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար Դոն Քորնելիուսի դիակը, ով MTV հեռուստաալիքի հիմնադիրներից է:

75-ամյա Քորնելիուսի տանը հնչած կրակոցները գիշերը ժամը 04:00-ի սահմաններում լսել է հարեւանը: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են վիրավոր շոումենին: Նրան շտապ տեղափոխել են Cedars-Sinai Medical Center հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ոստիկանների վարկածով, ամենայն հավանականությամբ, Քորնելիուսն ինքն է կրակել իր դեմքին:

Քորնելիուսը առավել մեծ հռչակ ձեռք բերեց Soul Train հաղորդաշարերի թողարկումից հետո, որոնք աֆրոամերիկյան մշակույթն էին տարածում: Հենց այդ հաղորդումների շնորհիվ, որոնք  1971-2006թթ. հեռարձակվում էին Ամերիկայի գրեթե բոլոր հեռուստաալիքներով, հռչակ ձեռք բերեցին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Արեթա Ֆրանկլինը եւ Բարրի Ուայթը: Իսկ հաղորդումը դարձավ հեռուստատեսության պատմության մեջ ամենատեւականներից մեկը: Այդ պատճառով դրա հաղորդավարն ընդգրկվեց ամերիկյան հեռուստաեթերի փառքի սրահում եւ Հոլիվուդի փառքի ծառուղում արժանացավ  անվանական աստղի: Բացի այդ, Քորնելիուսին համարում են այնպիսի ուղղությունների նախահայր, ինչպիսիք են ռիթմ-ընդ-բլյուզը, սուլը եւ հիփ-հոփը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Միանգամայն հավանական է, որ կյանքից հեռանալու նրա որոշման վրա կարող էին ազդել առողջական լուրջ խնդիրները: Բայց բացառված չէ, որ նրա հոգեբանական վիճակի վրա կարող էր լրջորեն ազդել ռուս մոդել Վիկտորյա Ավիլա-Կոռնելիուսի (աղջկական ազգանունը` Վիկտորյա Չեպմեն), հետ ամուսնալուծության հրապարակային գործընթացը: Նա հայտարարել էր, որ Կոռնելիուսն իրեն ծեծում է: Հեռուստահաղորդավարը տանուլ էր տվել դատական գործը, ինչի արդյունքում երեք տարվա  պայմանական ժամկետի էր դատապարտվել, նրան նաեւ արգելվել էր մոտենալ նախկին կնոջը: