Երբ ՔՊ–ն մոտ մեկ տարի առաջ դեմ քվեարկեց հայ գերիներին Բաքվից վերադարձնելու կոչին, ավելի շուտ տապալեց այդ նախագիծը, որը զրո ներքաղաքական օրակարգ ուներ, դրանից հետո իրենցից ամեն ինչ սպասելի է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում կազմակերպված քաղբանտարկյալների թեմայով լսումներին։
«Բայց դա ոչ մի կապ չունի, այս լսումները և ցանկացած գործողություն, որ արվում է քաղբանտարկյալների հետ կապված, նախ առաջին հերթին բոլորիս մարդկային և երկրորդ հերթին արդեն քաղաքական պարտքն է։ Այդ մարդիկ մեր պայքարի ընկերներն են, իրենցից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, և մենք պարտավոր ենք ցանկացած միջոց, ցանկացած հնարավորություն օգտագործել այդ խնդիրը բարձրաձայնելու համար։ Իհարկե, քաղբանտարկյալների հարցով միջազգային կառույցներին նամակներ գրվում են, բայց արձագանքը կամ չկա, կամ մեզ չի գոհացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել կատարել այդ աշխատանքը։ Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը՝ անկախ նրանից, թե ինչքան լկտի, ցինիկ լռություն է լինում միջազգային կառույցների կողմից։
Նրանց լռությունը ամենայն հավանականությամբ, պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով և Փաշինյանի հլու-հնազանդ կատարածու լինելու փաստով։ Ինքը ծառայի կարգավիճակով ծառայում է մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին, թերևս այդ աշխարհաքաղաքական կենտրոնները չեն ուզում իրենց ծառային փոխել կամ որևէ խնդիր առաջացնել իրենց ծառայի նկատմամբ»,–ասաց նա՝ նկատելով, որ այդուհանդերձ քաղբանտարկյալների թեմայով եղել է ԵԺԿ-ի բանաձևը, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ, անվանական նշվում է Արմեն Աշոտյանի հարցը։
Հարցին՝ իր կարծիքով ինչու այս լսումներին ներկա չէ գլխավոր դատախազը, Մամիջանյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ տիկին դատախազի քաղաքական հետաքրքրությունները այլ բան են հուշում, քան ներկա լինել այս լսումներին։ Դա անակնկալ չէր մեզ համար»։
Նա ընդգծեց, որ քաղբանտարկյալների հարցը չի կարելի մոռացության մատնել, դա պիտի լինի թոփ մեկ թեմաներից մեկը։





























