Վրացական «Nature Conservation Georgia» ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունը հայտնել է, որ մի քանի տարի առաջ իրենց կողմից փրկված գառնանգղը կամ մորուքավոր անգղը (Gypaetus barbatus)՝ անգղերի ընտանիքի հազվագյուտ գիշատիչ թռչունը, զույգ է կազմել և ենթադրաբար, բույն է հյուսում Հայաստանում։

«Yajiri-001» նույնականացման համարով թռչնին 2022 թվականին գտել էր Մցխեթի մունիցիպալիտետի Նիչբիսի գյուղի բնակիչը, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։ Թուլացած գառնանգղը զննման և վերականգնողական բուժման նպատակով տեղափոխվել էր Թբիլիսիի կենդանաբանական այգի։ Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ թռչունը կուլ է տվել գրենական դանակ՝ հավանաբար այն ոսկորի տեղ դնելով։ Վիրահատական միջամտությունը հաջող է անցել և մեծ վանդակում մի քանի ամիս վերականգնվելուց հետո գիշատիչը պատրաստ է եղել վերադառնալ բնություն։

Բաց թողնելուց առաջ մասնագետները թռչնի վրա տեղադրել են GPS-հաղորդիչ՝ նրա տեղաշարժերին և վիճակին հետևելու համար։ Ինչպես նշել են «Nature Conservation Georgia»-ում, բաց թողնելու պահին գառնանգղն արդեն հասել էր սեռական հասունության, ուստի սպասվում էր, որ այն կվերադառնա իր սովորական տարածք կամ զույգ կգտնի։

Հեռաչափության տվյալներից դատելով՝ գառնանգղը երկար ժամանակ տեղաշարժվել է ողջ Կովկասով՝ բարձրանալով դեպի հյուսիս, այնուհետև մի քանի անգամ կանգ առել Վրաստանի հարավում։ Ի վերջո, թռչունը թռել է Հայաստան և բնակություն հաստատել Ալավերդու շրջանում, Լոռու մարզում։

Վրացի հետազոտողները, հայ գործընկերների և կամավորների օգնությամբ, արշավախումբ են կազմել Կաչաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող ենթադրյալ բնադրման տարածքում։

Բարձրանալով դիտարկման անհրաժեշտ կետը՝ խումբը գառնանգղին հայտնաբերել է ժայռային ելուստներից մեկի վրա։ Մի քանի րոպե անց նրա կողքին հայտնվել է նույն տեսակի երկրորդ թռչունը։ Հետազոտողների խոսքով՝ դա ուղղակի հաստատել է այն, որ փրկված գիշատիչը զույգ է գտել։ Շուտով թռչնաբանները տեսողականորեն հաստատել են նաև բույնի պոտենցիալ վայրը։

«Մենք տեսանք, որ մեր գիշատիչը ոչ միայն վերականգնվել է, այլև զուգընկեր է գտել։ Սա նշանակալի իրադարձություն է թե՛ տեսակի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է կազմակերպությունը։

Մասնագետները պլանավորում են շարունակել թռչունների մոնիթորինգը և հույս ունեն միջոցներ հայթայթել մեկ այլ GPS հաղորդիչի համար։ Դա արվում է այն բանի համար, որ եթե ճուտ ծնվի, ապա նրանք կարողանան ավելի ուշ նրա վրա նույնպես տեղորոշման համակարգ տեղադրել։

Nature Conservation Georgia կազմակերպությունը ընդգծում է, որ այս պատմությունը հաջող միջսահմանային համագործակցության օրինակ է. վրացի և հայ հետազոտողները համատեղ շարունակում են հետևել հազվագյուտ գիշատչին, որի վերականգնումը ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով։