Վստահ եմ, որ Հայաստանում պատշաճ ջանքեր չեն գործադրվել՝ ստիպել միջազգային համապատասխան կառույցներին՝ չփակել աչքերը, չձևանալ՝ կույր, խուլ,  համր՝ քաղբանտարկյալների հետ կապված հարցում։  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 2018-ը թիվ շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել: Սարքել են ցախ իրենց արժեքները, գցում են այդ գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, չմրսի »,- նշեց նա։

Աշոտյանի խոսքով՝ քաղբանտարկյալների հարցը միայն ընդդիմության կամ քաղբանտարկյալների բարեկամների խնդիրը չէ: Նա նկատեց, որ Հայաստանում Եվրամիության առաքելութայն ներկայացուցչության  գրասենյակի կայքն օրերս նշել է գենդերային հիմքով բռնությունների օր, իսկ Լիդիա Մանթաշյանը հենց այդ հիմքով է նստած:

Աշոտյանի համոզմամբ. «Մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին պետք է հանել կոմֆորտ զոնայից, իրենք պետք է դադարեցնեն իրենց առաքելությունը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի կամ իշխանությունը երկարաձգելու գործից»: