Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մինչև 2036 թվականը երկրի պետական ​​ազգային քաղաքականության նոր ռազմավարությունը հաստատելու մասին։

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։

Նախորդ ռազմավարությունը գործում էր 2012 թվականից։

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի՝ փաստաթղթում նորամուծություն է եղել «պետություն-քաղաքակրթություն» տերմինի կիրառումը։

Ռազմավարությունը սահմանում է թիրախային կոնկրետ ցուցանիշներ. մինչև 2036 թվականը Ռուսաստանի բնակիչների մինչև 95%-ը պետք է իրեն նախ և առաջ ռուսաստանցի զգա, իսկ քաղաքացիների երեք քառորդը պետք է դրական գնահատի երկրում տիրող միջէթնիկ իրավիճակը։ Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ բարեկամական պետությունների կողմից ռուսական հասարակությունը պառակտելու և միջէթնիկ հարաբերություններն ապակայունացնելու փորձերին հակազդելուն։

«Ռազմավարության իրականացման առանձին ուղղություն է դառնալու Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդումը, ինչպես նաև այդ տարածաշրջաններում հակառուսական քարոզչության և ազգայնականության տարածման հետևանքների վերացումը»,- նշվում է փաստաթղթում։