ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է The New York Times-ին՝ այն անվանելով «ժողովրդի թշնամի» այն հոդվածի հրապարակումից հետո, որում, ըստ նրա, կասկածի տակ է դրվում իր՝ նախագահի պարտականություններն արդյունավետորեն կատարելու ունակությունը։
«New York Times-ի՝ փակվելու վտանգի տակ գտնվող ձախ արմատական հայացքներ ունեցող խելագարները հոդված են գրել իմ մասին։ ...Պնդում են, թե իմ աշխատունակությունը, հավանաբար, նվազում է, չնայած այն փաստերին, որոնք հակառակն են ասում։ Այս «թերթիկը» իսկական «ժողովրդի թշնամի» է»,- հայտարարել է Թրամփն իր հրապարակման մեջ Truth Social-ում։
ԱՄՆ առաջնորդը հերքել է NYT-ի եզրակացությունները՝ շեշտելով իր քաղաքական և տնտեսական հաջողությունները, ինչպես նաև հիշեցնելով վերջերս կատարված բժշկական զննման և կոգնիտիվ թեստի մասին, որոնք, ինչպես նշել է նա, «փայլուն է հանձնել»։ «Ես մեծ առավելությամբ հաղթեցի 2024 թվականի նախագահական ընտրություններում»,- նշել է Թրամփը՝ իր ձեռքբերումների ցանկին ավելացնելով «ութ պատերազմների կարգավորումը» և «ֆոնդային բորսայի 48 նոր ռեկորդները»։
Նա նաև մեղադրեց թերթին կողմնակալության և տեղեկատվության դիտավորյալ աղավաղման մեջ՝ նշելով, որ իր առողջության մասին նյութի հեղինակ Քեթի Ռոջերսը «երրորդ կարգի լրագրող» է, որին, ըստ Թրամփի, հանձնարարված է իր մասին գրել «միայն վատ բաներ»։





























