Իջևանում այսօր տեղի ունեցած պայթյունից 2 տուժածների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժիշկների  հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 26–ին, ժամը 14:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ։

Տեղում պարզվել էր, որ այդ վայրից 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ: