Եվրոպայում ռեկորդային սառնամանիքների զոհերի թիվը հասել է 163-ի:
Արեւելյան Եվրոպայի մի քանի երկրներում շատ գյուղեր մնացել են առանց էլեկրտականության, իսկ ծանր ձյունաբուքերը հանգեցրել են ավիա- եւ երկաթուղային հաղորդակցության խաթարման: Ռեկորդային ցածր ջերմաստիճանը գերակշռում է Լեհաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, հայտնում է Agence France-Presse-ը:
Միայն Ուկրաինայում անցյալ օրվա ընթացքում սառնամանիքներից զոհերի թիվն աճել է մինչեւ 63 մարդ, իսկ Լեհաստանում` 9 մարդ: Եւս երկու մարդ զոհվել են Գերմանիայում: Զոհվածների մեծ մասն անտուններ են:
Բալկաններում ձնաբքերի պատճառով աշխարհից կտրված են գյուղերի հազարավոր բնակիչներ: Բոսնիայում եւ Հերցեգովիանյում ջերմաստիճանը զրոյից 30 աստիճան ցածր է: Բժիշկներն ուղղաթիռներ են նստել, քանի որ այլ տրանսպորտով դեպքի վայր հասնելը պարզապես անհնարին է:
Ձնաբուքը մոլեգնում է նաեւ Մոնտենեգրոյում: Արդեն երկու օր է, ինչ փակ է Պոդգորիցայի օդանավակայանը: Ճանապարհներին ձյան ծանրությունից կոտրված ծառեր են: Տեղական մայրուղիների մաքրման ծառայությունները չեն հասցնում. նման եղանակի այստեղ պարզապես սովոր չեն:
Մերձբալթիկայում եւս սառնամանիքներ են: Թալինում մինուս 25 աստիճան ցուրտ է: Օդերեւութաբաններն ասում են, որ դա դեռեւս վերջը չէ: Սառնամանիքների պատճառով հետաձգվել են դահուկային սպորտի մրցումները, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ամբողջ Ռուսաստանում ջերմաստիճանը նորմայից ցածր է: Երկրի կենտրոնական մասում սիբիրյան ցրտեր են: Սիբիրում համարյա արկտիկական սառնամանիք է: Տեխնիկան չի դիմանում: Պովոլժայում, Ալթայում, Մերձբայկալում խախտված է ճանապարհային երթեւեկությունը:
Ռումինիայում Սեւ ծովի ափը պատված է սառույցի շերտով: Նման բան շատ հազվադեպ է տեղի ունենում: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` սառնամանիքները կմեղմանան փետրվարի 4-ից:
Հիշեցնենք, որ Եվրոպայից մինչեւ Բայկալ ընկած հսկայական տարածությունը գտնվում է սիբիրյան հակացիկլոնի ազդեցության տակ: Ռուս օդերեւութաբանները մանրամասնել են, որ հակացիկլոնը շատ հզոր է, եւ հենց այնպես այդ սառցե զանգվածը տեղաշարժել հնարավոր չէ: Զգալի տաքացում պետք չէ սպասել փետրվարի 10-ից առաջ:




























