Հնագույն ԴՆԹ-ի վերջերս կատարված վերլուծությունը թույլ է տվել հետազոտողներին անսպասելիորն պարզել այն ուղին, որով տնային կատուները Հյուսիսային Աֆրիկայից եկել են Եվրոպա։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, ցուց է տալիս, որ մեզ համար սովորական մռռանները Եվրոպայի տարածքում հայտնվել են զգալիորեն ավելի ուշ, քան կարծում էին նախկինում. նրանց զանգվածային տարածումը սկսվել է ընդամենը 2 000 տարի առաջ, արդեն Հռոմեական կայսրության ժամանակներում։
Գիտնականներն ուսումնասիրել են Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Եվրոպա հնագիտական կայաններում հայտնաբերված հնագույն կատուների ոսկորներից եւ ատամներից վերցված նյութը։ Պարզվել է, որ վայրի անտառային կատվի հենց հյուսիսաֆրիկյան գիծն է դարձել եվրոպական տնային կատուների նախնին։ Այդ գիծը երկար ժամանակ տեղայնացված է մնացել, եւ միայն Միջերկրածովի ակտիվ առեւտրային եւ ռազմական շփումների շրջանում են կատուներն սկսել ճամփորդել մարդկանց հետ նավերի, սայլերի վրա, բնակավայրերում։
Հետազոտողների խոսքով՝ այս ուշ տարածումը պայմանավորված է նրանով, որ կատուները երկար ժամանակ պահպանել են ինքնավարությունը եւ մարդկանց հետ սերտ շփման կարիք չեն ունեցել: Նրանք ընտրել են վայրեր, որտեղ կրծողներն առատ են եղել՝ հացահատիկի շտեմարաններ, պահեստներ եւ հին աշխարհի առեւտրային կենտրոններ: Մարդիկ գնահատել են նրանց որսորդական հմտությունները, եւ կատուները դարձել են իդեալական ուղեկիցներ երկար ծովային եւ առեւտրային ճանապարհորդությունների ժամանակ:
Գենետիկական տվյալները նաեւ ցույց են տալիս, որ Եվրոպայում կատուները ակտիվորեն չեն խաչասերվել տեղական վայրի կատվի տեսակների հետ, ինչը միգրացիայի գիծն ավելի հստակ է դարձնում: Հնագիտական գտածոների, հռոմեական դարաշրջանի վայրերից ստացված տվյալների եւ ԴՆԹ վերլուծության համադրությունը թույլ է տալիս մեզ գրեթե քայլ առ քայլ հետեւել այս կենդանիների ուղուն՝ Հյուսիսային Աֆրիկայի բնակավայրերից մինչեւ Միջերկրական ծով եւ եվրոպական քաղաքներ:
Գիտնականները նշել են, որ հետազոտության արդյունքները մարտահրավեր են նետում ավանդական այն ընկալմանը, թե ինչպես եւ երբ են կատուները կազմել եվրոպական կյանքի մաս: Այժմ պարզ է, որ մեր ընտանի կենդանիները ոչ թե պարզապես «միշտ եղել են», այլ համեմատաբար վերջերս են ժամանել Եվրոպա՝ երկար ճանապարհ անցնելով Աֆրիկայի անապատային շրջաններից, որտեղից մի ժամանակ սկսվել է նրանց պատմությունը մարդկանց հետ միասին:





























