Համաշխարհային առաջատար ֆինանսական տեղեկատվական Dow Jones & Company ընկերության կառավարիչ է դարձել Bloomberg-ի թոփ մենեջեր Լեքս Ֆենվիկը: Dow Jones & Company-ն մտնում է Ռուփերթ Մերդոքի News Corporation մեդիակայսրության մեջ:

Ֆենվիկը պաշտոնապես իր պարտականություններին կանցնի փետրվարի 13-ից: News Corporation-ում հուսով են, որ Լեքս Ֆենվիկի եռանդուն աշխատաոճն ընկերությանն օգուտ կբերի: 

2011 թվականի հուլիսից ընկերության այդ պաշտոնը թափուր էր: Նախկին ղեկավար Լես Հինթոնը հրաժարական էր տվել ընկերության բրիտանական մասնաճյուղի գաղտնալսման աղմկահարույց դեպքից հետո:

News Corp.-ը մեդիայի շուկայում ամենախոշոր գլոբալ խաղացողներից է, ընկերությանն են պատկանում 20th Century Fox հեռուստաընկերությունը, Fox News հեռուստաալիքը, արբանյակային օպերատորներ,  Dow Jones եւ News Outdoor գործակալությունները, ինչպես նաեւ տպագիր լրատվամիջոցներ` Wall Street Journal-ը, Times-ը, Sun-ը եւ New York Post-ը,  հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: